Պատմություն(Արցախ)


Արցախը որպես անկախ պետություն` Լեռային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ), գոյություն ունի 1991թ. սեպտեմբերի 2-ից: ԼՂՀ-ի տարածքը հիմնականում ընգրկում է Մեծ Հայքի Արցախ նահանգը:

Հայաստանի առաջին բաժանումից (387թ.) հետո Արցախը անցնում է Պարսկաստանին: Պարսկաստանի կազմում Արցախը Ուտիքի և Աղվանքի հետ միասին մտցվում է «Աղվանք» ընդհանուր անունն ստացած մարզպանության մեջ:

Արաբական տիրապետության ժամանակներում Արցախը կազմել է Արմինիա փոխարքայության մասը, իսկ հետագայում մտել է Բագրատունյաց հայկական թագավորության կազմի մեջ:

Հայ պետականության անկումից հետո, երբ Հայաստանը ասպատա­կում էին օտար նվաճողները, Արցախի իշխանություններն ամենից տևական պահպանեցին իրենց անկախությունը: Մտնելով Պարսկաստանի կազմի մեջ Արցախի իշխանությունները ունեին կիսանկախ կարգավիճակ: Դրանք միասին կոչվում էին Խամսայի մելիքություններ (Խաչենի, Ջրաբերդի, Դիզակի, Վարանդայի, Գյուլիստանի):

Արևելյան Անդրկովկաս թափանցած թուրքալեզու վայրի ցեղերը 15-րդ դարից սկսած Արցախի տարածքը կոչել են Ղարաբաղ:

Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն: Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ):

Բնական պայմանները և հարստությունները

Արցախը բաժանված է 7 վարչական շրջանների` Շահումյանի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Հադրութի: Վարչական կենտրոնները քարտեզի վրա ընդգծված են:

Արցախը ունի բարդ լեռնային ռելիեֆ: Մակերևույթի բացարձակ բարձրությունների տարբերություն­ները հասնում են մոտ 3700 մետրի (Կուր-Արաքսյան դաշտավայր` 100մ, Գոմշասար` 3724մ): ԼՂՀ հյուսիսային մասում, արևմուտքից արևելք ձգվում է Մռովասարի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Գոմշասարն է:

Արցախի համեմատաբար խոշոր գետը Թառթառն է (հայտնի է նաև որպես Տերտեր, Տրտու), որի վրա կառուցված է Սարսանգի ջրամբարը: Արցախի գետերից նշանավոր են նաև Խաչենագետը, Իշխանագետը և Հակարին: Արցախի բոլոր գետերի ավազանները հիմնականում անտառապատ են, հովիտները` գեղատեսիլ: Շատ են նաև հանքային աղբյուրները:

Գեղեցիկ է Արցախը…

Բնակչությունը

Հին հունական ու հռոմեական գրավոր աղբյուրները վկայում են, որ մեր թվարկությունից էլ շատ առաջ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և մյուս նահանգների բնակիչները եղել են հայեր և խոսել են մեկ միասնական լեզվով` հայերենով: Արցախում հազարամյակներ շարունակ հայեր բնակվելու փաստը վկայում են ոչ միայն հայ, այլև արաբ, պարսիկ, վրացի ու թուրք հեղինակները:

Շատ են Արցախը ի սկզբանե հայերով բնակեցված լինելու նյութական ապացույցները ևս: Այդ տարածքում հայտնաբերված են հազարից ավելի հայերեն վիմագիր արձանագրություններ, ավելի քան 1600 պատմաճարտարապետական հուշարձաններ` վանքեր, եկեղեցիներ, պալատներ, հնագույն գերեզմանոցներ, խաչքարեր, բայց ոչ մի օտար հուշարձան` կառուցված մինչև 18-19-րդ դարերը:

18-19-րդ դարերում Արցախ են թափանցել թուրքալեզու քոչվոր ցեղեր, որոնք ընդհուպ մինչև 1926թ. համամիութենական (նախկին ԽՍՀՄ-ի) մարդահամարը պաշտոնապես կոչվել են կովկասյան թաթարներ: Հետագայում այդ ժողովրդին տրվեց ադրբեջանցիներ անվանումը:

Այժմ ԼՂՀ-ի բնակչությունը միատարր է. բնակվում են միայն հայեր:

Քաղաքները

ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտը կառուցված է Կարկառ գետի ձախ ափին: Ստեփանակերտը նախկինում Վարարակն կոչվող հին հայկական բնակավայրն է:

Վերջին տարիներին Ստեփանակերտի համար բնորոշ է եղել բնակչության և քաղաքային տնտեսության համեմատաբար արագ աճը: Քաղաքին բաժին է ընկնում ԼՂՀ-ի ամբողջ բնակչության մոտ 1/3-ը:

Ստեփանակերտը ԼՂՀ-ի ոչ միայն վարչական-քաղաքական, այլև մշակութային ու արդյունաբերական կենտրոնն է: Այստեղ են գտնվում հանրապետության նախագահի աշխատակազմը, Ազգային ժողովը, կառավարությունը, պետական համալսարանը, բազմաթիվ տեխնիկումներ ու դպրոցներ, մշակութային ու առողջապահական գլխավոր օջախները:


Արդյունաբերական ձեռնարկություններից հայտնի են մետաքսի և շինանյութերի կոմբինատները, գորգագործական ֆաբրիկան, էլեկտրատեխնիկական և գինու-կոնյակի գործարանները: Կան նաև կոշիկի, կահույքի և այլ ձեռնարկություններ:

Ստեփանակերտի առաջին հատակագծի (1926թ.) հեղինակը մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է:

Շուշին Արցախի երկրորդ քաղաքն է: Գտնվում է Ստեփանակերտից 10կմ հարավ, շրջապատի նկատմամբ տիրապետող դիրք ունեցող սարավանդի վրա, Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու հարևանությամբ:

Պատմական աղբյուրներում Շուշին հայտնի է որպես բնական անմատչելի դիրք ունեցող բերդաքաղաք, որտեղ արտաքին թշնամու հարձակումներից պաշտպանվել է գավառի բնակչությունը: 19-րդ դարում Շուշին դառնում է Անդրկովկասի առևտրական, արհեստագործական ու մշակութային կենտրոններից մեկը, բնակչության թվով (ավելի քան 40 հազ.) զիջում էր միայն Թբիլիսիին ու Բաքվին:

Շուշին ունեցել է տարբեր անուններ: Վաղ միջնադարում կոչվել է Շիկաքար, ավելի ուշ` Քարագլուխ, Քար, նաև` Շուշի բերդ:

Քաղաքը կառուցապատվել է գլխավոր հատակագծով, 2-3 հարկանի բնակելի շենքերով, դպրոցներով, հյուրանոցներով, խանութներով, եկեղեցիներով: Աչքի էին ընկնում Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը, Խանդամիրյան թատրոնի շենքը, ճարտարապետական արժեք ներկայացնող այլ շինություններ:

Պատմություն

Արշակ երկրորդի և Պապ թագավորի ջանքերը կենտրոնական իշխանության ամրապնդման ուղղությամբ

Արշակ Բ

Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին: Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Բ-ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն:

353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շատ չանցած ծնվում է թագաժառանգ Պապը:

Պայքար սկսվեց նախարարական տների ներսում: Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը: Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը գեղարվեստորեն նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում):

Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել ավատատիրական ճնշումից դժգոհ տարրերին: Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը: Բանն այն է, որ Արշակի՝ երկրով մեկ արած կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավորի հովանավորությունը, արձագանքում էին մեծ մասամբ աշխատավորները: Նրանք փախչում էին նախարարների շահագործումից և հավաքվում Արշակավանում: Սակայն քաղաքում սկսեցին ապաստանել նաև հանցագործ տարրեր, որոնք աշխատում էին ազատվել դատական պատասխանատվությունից: Դա նախարարներին և նրանց պաշտպանող եկեղեցուն հնարավորություն տվեց թագավորին մեղադրել կնաթողներին, ամուսնաթողներին, հանցագործներին, գողերին ու ավազակներին Արշակավանում ապաստան տալու մեջ: Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին: Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին:

Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց դավաճան նախարարներին: Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց: Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել: Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար: Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց:

Արշակ Բ-ի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով: Թե’ Հռոմը և թե’ Սասանյան Պարսկաստանը, հաշվի առնելով Հայաստանի ռազմուժի վճռորոշ լինելը այս կամ այն կողմին դաշնակցելու դեպքում, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Բ-ին: Նա սակայն մնում էր չեզոք՝ շեշտը դնելով Հայոց թագավորության հզորությունն ամրապնդելու վրա: Այսուհանդերձ, Հայոց երկիրը չխուսափեց պարսկական ներխուժումներից, որոնցից մեկի ժամանակ ավերվեց Տիգրանակերտը, իսկ բնակչությունը բռնագաղթեցվեց:

Ի վերջո, ելնելով ուժերի հարաբերակցությունից, Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ: 363թ. Հուլիանոս կայսրը մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև Տիզբոն: Արշակ Բ-ն հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա: Սակայն Հուլիանոսը կռիվներից մեկում զոհվեց, իսկ նոր կայսր Հովիանոսը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց ամենանվաստացուցիչ պայմաններով: Հայաստանի համար ամենավտանգավորն այն էր, որ կայսրությունը պարտավորվում էր պարսկական արշավանքի դեպքում Հայաստանին չօգնել: Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները (պատմիչ Ամիանոս Մարկեղինոս) այն անվանել են «ամոթալի»:

364թ. Հովիանոսը մահացավ, և Շապուհ Բ-ն, իրեն ազատ զգալով, հարձակվեց Հայոց թագավորության վրա: Թշնամին մտնում է Դարանաղի գավառ, որտեղ Անիում ավերում է Հայոց թագավորների դամբարանը: Քանդել չհաջողվեց միայն Սանատրուկի գերեզմանը: Հայոց թագավորների ոսկորները գերելով՝ թշնամին շարժվեց Այրարատյան դաշտ, որտեղ ջախջախվեց հայկական բանակի կողմից: Թագավորների ոսկորներն ազատվեցին և այնուհետև թաղվեցին Աղձք գյուղի արքունական դամբարանում:

Հայ-պարսկական հիշյալ պատերազմը տևեց 4 տարի: Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր: Սակայն ուժերն անհավասար էին և ավելի փոքր Հայաստանի ուժերն սկսեցին սպառվել: Մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները կամ չեզոք մնացին, կամ էլ անցան պարսիկների կողմը: Չնայած այդ բոլորին, հայկական բանակը շարունակում էր հարվածներ հասցնել պարսից բանակներին և դուրս քշել երկրից:

Քաջ գիտակցելով, որ Հայոց թագավորության ուժերը նշանակալիորեն թուլացել են, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու: Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը: Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ: Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց:

Արշակ Բ-ն մեծ հայրենասեր էր, որն ապրեց ու պայքարեց իր հայրենիքի պաշտպանության համար: ժողովուրդը նրան նվիրել է մի շարք երգեր՝ փառաբանելով նրա խիզախությունն ու հայրենասիրությունը:

Պապ թագավորը և Մեծ Հայք թագավորության հզորության վերականգնման նրա փորձերը

Արշակի ձերբակալումից հետո պարսկական զորքերը 367թ. կրկին ներխուժեցին Հայաստան: Հայոց թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում: Երկու դավաճան հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով Փառանձեմի ծանր կացությունը, որոշում են օգնել նրան: Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ խայտառակ ջարդ է տալիս ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանքով ուղարկվում է հռոմեացիների մոտ:

Շապուհը, ահավոր զայրացած, նոր բանակ ուղարկեց Հայաստան: Երբ թվում էր, թե դրան նույնպես սպառնում էր առաջինի ճակատագիրը, Արտագերսում համաճարակ սկսվեց: Երբ Արտագերսը գործնականում զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին: Այնուհետև պարսիկները Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի աջակցությամբ գրավեցին ու ավերեցին Հայոց թագավորության խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և այլն: Վերջիններիս բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան:

Պապը հայտնվեց ծանր կացության մեջ: Բարբարոսական ցեղերի հարձակումների պատճառով հռոմեացիները չէին կարողանում օգնական ուժեր տրամադրել, իսկ պարսիկներն ավերում էին երկիրը: Պապը փորձեց լեզու գտնել Շապուհ Բ-ի հետ, սակայն Վաղես կայսրը 370թ. հնարավորություն ունեցավ զորք ուղարկելու Հայաստան՝ Պապի և Վասակ Մամիկոնյանի որդի սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հայկական զորամասերի հետ միասին: Մի շարք ճակատամարտերում հաջողության հասնելով՝ հայ-հռոմեական բանակները Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ 371թ. Նպատ լեռան մոտ՝ Ձիրավի դաշտում փայլուն հաղթանակ տարան պարսկական զորքերի նկատմամբ:

Պապը, չնայած պատանի հասակին, հանդես բերեց պետական մեծ գործչի անուրանալի հատկություններ: Նա ձեռնամուխ եղավ պարսկական արշավանքների ընթացքում Մեծ Հայքից անջատված երկրամասերի միավորմանը և թագավորության տարածքային ամբողջականության վերականգնմանը: Մուշեղ Մամիկոնյանին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել Հայոց թագավորության մինչպատերազմյան սահմանները, պատժել անհնազանդ նախարարներին և հայկական հողերին աչք տնկած Վիրքի ու Աղվանքի թագավորությունները:

Պատերազմից երկիրը տնտեսապես խիստ տուժել էր և թուլացել: Երիտասարդ միապետից պահանջվում էին գերմարդկային ջանքեր թագավորության տնտեսությունը վերականգնելու և ռազմական կարողությունը նախապատերազմյան վիճակին հասցնելու համար: Արշակ Բ-ի ու նախարարների հակադրության դառը հետևանքները հաշվի առնելով՝ Պապը խուսափեց երկիը վերաշինել նախարարներին հարկի տակ դնելով: Նա աշխատեց դա կատարել եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելու ճանապարհով: Թագավորական հրովարտակով բնակչությունն ազատվեց եկեղեցուն վճարվող տասանորդից և պտղիից: Դեռևս Տրդատ Մեծի օրոք հոգևորականությանը տրված 7 բաժին հողից 5-ը հարքունիս գրավվեց և բաժանվեց զինվորներին: Խիստ կրճատվեց հոգևորականների թիվը: Հոգևորականների դասը թողածները և հոգևորականների ազգականները զորակոչվեցին բանակ: Դրա շնորհիվ գործող բանակի զինվորների թիվը շուտով հասավ 90 հազարի:

Պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը նվազել: Վիճակը շտկելու համար թագավորի հրամանով փակվեցին դեռևս Ներսես Մեծի օրոք բացված կուսանոցներն ու մենաստանները: Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց: Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ, որոնք պահվում էին պետության և եկեղեցու միջոցներով:

Պապի քաղաքականությունը, որի միակ նպատակը Հայոց թագավորության հզորության վերականգնումն էր, առաջ բերեց նախարարների մի մասի և եկեղեցու սպասավոոների ատելությունը: Պապին սկսում են մեղադրել անգամ Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու մեջ, մինչդեռ նա մահացել էր թոքերի հիվանդությունից: Սակայն նրա հեղինակությունը մեծ էր երկրռւմ, հատկապես ժողովրդական զանգվածների շրջանում: Ուստի բնավ պատահական չէ, որ հռոմեական պատմիչ Ամիանոսը նրան բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք իշխողի:

Հայոց թագավորության ուժեղացմանն ուղղված Պապի քայլերը և անկախ քաղաքականությունն առաջ բերեցին հռոմեական արքունիքի խիստ դժգոհությունը: Նպատակ ունենալով Պապին գահընկեց անել՝ կայսրը նրան բանակցությունների պատրվակով հրավիրեց Տարսոն: Սակայն Հայոց թագավորը, պարզելով կայսեր նպատակը, իր 300 թիկնապահներով փախուստի դիմեց ու վերադարձավ Հայաստան՝ ուրախությամբ ընդունվելով ժողովրդի կողմից: Կայսրն ստիպված եղավ ներողություն խնդրել տեղի ունեցած «թյուրիմացության» համար, իսկ Պապն էլ ձև արեց, թե ոչինչ չի պատահել:

Հայ-հռոմեական հակասությունների հետագա սրման համար պատճառ դարձան Ներսեսի մահից հետո նոր կաթողիկոսի ձեռնադրությունը և Պապի կողմից հայ-պարսկական հարաբերությունները կարգավորելու փորձերը: Սկզբում Պապը փորձեց կաթողիկոս ձեռնադրվելու համար Կեսարիա ուղարկել իր թեկնածուին, որին տեղի միտրոպոլիտը եկեղեցուց վտարեց: Համոզվելով, որ կաթողիկոսի ընտրությանը հռոմեական արքունիքն ու եկեղեցին միշտ միջամտելու են, Պապը դիմեց արմատական քայլի: Հուսիկ Աղբիանոսյան եպիսկոպոսին նա այլևս Կեսարիա չուղարկեց: Նրան կաթողիկոս ձեռնադրեցին հայոց եպիսկոպոսները: Նույնիսկ այսօր դժվար է գերագնահատել կատարվածը: Պապի այդ արմատական քայլի շնորհիվ Հայոց եկեղեցին դարձավ անկախ, ինքնագլուխ և բռնեց ազգային հոգևոր հաստատության վերածվելու ճանապարհը:

Հռոմեական արքունիքը դժկամորեն ընդունեց Հայոց կաթողիկոսի Հայաստանում ձեռնադրվելու փաստը: Բացի այդ, Հռոմի ու Պարսկաստանի միջև խուսանավելու և հավասարակշռություն ստեղծելու Պապի քայլերը, որոնք ուղեկցվում էին հայ-պարսկական հարաբերությունների բարելավմամբ, խիստ անհանգստացրին կայսերը: Նրա գործակալները, որոնք գտնվում էին Հայաստանում և հետևում էին Պապի ամեն քայլին, հանձնարարություն ստացան սպանելու Հայոց թագավորին: Հռոմեական զորքերի հայաստանյան հրամանատարը 374թ. նրան հրավիրեց խնջույքի, որտեղ Պապը սպանվեց հռոմեացի զինվորների կողմից: Թագավորեր Պապը ևս գոնե երկու տասնամյակ, թերևս կկարողանար այնքան զորեղացնել ու կենսունակ դարձնել Հայոց թագավորությունը, որ V դ. 20-ական թթ. այն չէր ընկնի: Ցավոք, Պապի սպանությամբ Մեծ Հայքի թագավորությունը զրկվեց իր երիտասարդ տաղանդավոր թագավորից, իսկ նրա հաջորդներն ի վիճակի չեղան շարունակելու նրա սկսած հայրենանվեր գործը:

Հայոց պետության կենտրոնացման ու թագավորական կենտրոնաձիգ իշխանության ամրապնդման, երկիրը ռազմականապես հզորացնելու՝ Արշակ Բ-ի ու Պապի և նրանց նախորդների փորձերը ձախողվեցին: Պատճառը ոչ միայն ավատականացած նախարարության պառակտիչ գործունեությունն էր, այլև Հռոմի ու Պարսկաստանի՝ երկրի ներքին գործերին մշտապես միջամտելու և Հայաստանն իրենց ենթարկելու քաղաքականությունը:

Հայերեն


Հայերեն

Русский


Русский

English


English

Որոնում

Туры в Армению
FindArmenia.ru

Հայաստանի լուսանկարներ

Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում

Տեսարժան վայրերը

Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ

Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Հայերեն


Հայերեն

Русский


Русский

English


English

Որոնում

Туры в Армению
FindArmenia.ru

Հայաստանի լուսանկարներ

Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում

Տեսարժան վայրերը

Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ

Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ

Պապ թագավորը և Մեծ Հայք թագավորության հզորության վերականգնման նրա փորձերը

Արշակի ձերբակալումից հետո պարսկական զորքերը 367թ. կրկին ներխուժեցին Հայաստան: Հայոց թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում:

Մեծ Հայքի թագավորության թուլացումն ու անկումը

Աշխարհագրություն

1.Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը։

1.Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ու բնական երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական) աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը, աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից: Այսպես օրինակ եթե կենսաբանությունն ու ֆիզիկան մտնում են բնական գիտությունների մեջ, իսկ պատմությունն ու տնտեսագիտությունը հասարակական, ապա աշխարհագրության մի ենթաճյուղըբնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը տնտեսական աշխարհագրությունըհասարակական գիտությունների մեջ: Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական գիտություն է:

2.Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները:

2.Հիմնախնդիրներն են՝

ա) առավելագույն խորությամբ ուսումնասիրել և ճանաչել մադու շրջակա միջավայրի ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները, որպեսզի մարդու տնտեսական գործունեությունը կազմակերպվի այնպես, որ երբեք չխախտվեն այդ սահմանները և շրջակա միջավայրը պահպանվի այնպիսի վիճակում, որը հնարավորություն կընձեռի մարդկությանը մշտապես ապահովել անհրաժեշտ բնական ռեսուրսներով,
բ) խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապագնահատել, այսինքն որոշել, թե այդ տեղաբաշխումն ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է նպաստում երկրի հասարակական զարգացմանը: Այդ գնահատման համար օգտագործվող չափորոշիչը տնտեսության տեղաբաշխման արդյունավետությունն է, որն արտահայտում է, թե որքա՞ն նյութեր, էներգիա, աշխատաժամանակ և դրամ է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք է ստացվել,
գ) կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր հնարավոր հետևանքները: Այս խնդիրն առավել կարևորվեց այն պատճառով, որ բնության վրա անխոհեմ ազդեցության հետևանքով Երկրագնդի տարբեր մասերում առաջացան բազմաթիվ բացասական երևույթներ: Դրանցից են, օրինակՍևանա և Արալյան լճերի ջրի մակարդակների իջեցումն ու դրա հետևանքով առաջացած էկոլոգիական ծանր իրավիճակը կամ էլ Աֆրիկայի անապատային տարածքի ընդարձակումը սավաննաների տարածքի հաշվին:

3.Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:

3.Բնական՝կենսաբանություն,քիմիա,ֆիզիկա,բնագիտություն,աստղագիտություն:

Հասարակական՝պատմություն,սոցիոլոգիա,տնտեսագիտություն,քաղաքագիտություն,ժողովրդագրություն: