Ինֆուզորիաների չափերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման, հատիկավոր շերտից։ Շարժման օրգանելները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս։ Սեռական պրոցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները։ Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ։
