Մարդու աչք
Աչք, լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։