Կենսաբանություն

Վահանագեղձ ողնաշարավոր կենդանիների և մարդու մասնագիտացված ներզատիչ օրգան, արտադրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններ, որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Վահանագեղձ ձևավորվում է սաղմի խռիկապարկերի էպիթելից։ Բոլորաբերանների կենտ վահանագեղձ տեղավորված է աղիքների խռիկային մասի ստորին պատի տակ, ձկներինը՝ խռիկային զարկերակների առջևի մասում։ Երկկենցաղների զույգ վահանագեղձերը գտնվում են ենթալեզվային ապարատի շրջանում։ Սողունների վահանագեղձը հաճախ բաժանված է երկու մասի և տեղավորված է տրախեայի տակ։ Թռչունների զույգ վահանագեղձերը գտնվում են բրոնխների հիմքի մոտ։ Կաթնասունների վահանագեղձ բաղկացած է պարանոցով իրար միացած երկու բլթից, որոշ տեսակներինը բաժանված է 2 առանձին մասերի։ Մարդու վահանագեղձ լրիվ ձևավորվում է պտղի զարգացման 8—9-րդ ամսում։