Բնագիտություն

Կենսաբանակն նկարագիր
Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։ Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։ Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի։ Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև։ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է։

Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Բազմանում է սերմերով։
Մշակույթում
Հին ժամանակներից մինչ մեր օրերն ամպագույն երիցուկը (լատ.՝ Chamomilla recutita) համարվել է հավատի, հույսի, սիրո խորհրդանիշ։
Քիմիական կազմ
Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն։ Ինչպես նաև՝ ստեարինային թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն, դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր՝ լինոլեային, պալմիտինային, օլեինային։