Կենսաբանություն

Վիտամին A, քիմիական կառուցվածքով նման նյութերի խումբ, որի մեջ մտնում են՝ ռետինոլ (վիտամին A1, ակսերոֆտոլ) և այլ ռետինոիդներ, միանման քիմիական ակտիվությամբ օժտված՝ դեհիդրոռետինոլ (վիտամին A2), ռետինալ (ռետինեն, վիտամին A1-ի ալդեհիդ) և ռետինոյաթթու։ Պրովիտամին A-ին են պատկանում կարոտինոիդները, որոնք վիտամին A-ի նյութափոխանակային նախորդներն են․ նրանց մեջ ավելի կարևորը բետա-կարոտինն է։ Ռետինոիդները պարունակվում են կենդանական ծագման մթերքներում, իսկ կարոտինոիդները՝ բուսական։ Բոլոր այս նյութերը լավ լուծվում են ոչ բևեռային օրգանական լուծիչներում (օրինակ՝ յուղի մեջ) և վատ լուծվում են ջրում։ Վիտամին A-ն պահեստավորվում է լյարդում, կարող է կուտակվել հյուսվածքներում։ Չարաշահման դեպքում ցուցաբերում է տոքսիկություն։

Վիտամինը հայտնաբերվել է 1913 թվականին։ 1931 թվականին նկարագրվել է նրա կառուցվածքը, իսկ 1937 թվականին հաջողվեց նրան բյուրեղացնել։

Վիտամին A-ն իրականացնում է բազմաթիվ կենսաքիմիական կարևոր ֆունկցիաներ մարդու և կենդանիների օրգանիզմում։ Ռետինալը համարվում է հիմնական տեսողական գունանյութի (պիգմենտի)՝ ռոդօպսինի բաղադրիչ։ Ռետինոյաթթվի ձևով վիտամինը խթանում է աճը և զարգացումը։ Ռետինոլը համարվում է բջջաթաղանթի կառուցվածքային բաղադրիչ, ապահովում է օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանությունը։

Վիտամին A-ի անբավարարությունից զարգանում են էպիթելի տարբեր ախտահարումներ, տեսողության վատթարացում, խանգարվում է եղջերաթաղանթի խոնավացումը։ Այդ թվում նկատվում է իմունային ֆունկցիայի իջեցում և աճի դանդաղում։