Ռուսաստանի կայսրություն


Ռուսական կայսրությունը  հիմնադրվել է 1721 թվականին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը Ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանության եկավ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո:Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։ Ռուսական կայսրության ընդարձակումը տեղի ունեցավ հարևան կայսրությունների հաշվին` այդ թվում Շվեդական կայսրություն, Ռեչ Պոսպոլիտա, Պարսկաստան և Օսմանյան կայսրություն։ Այն մեծ դեր խաղաց 1812-1814 թվականներին Նապոլեոն Բոնապարտին պարտության մատնելու մեջ։


Ռոմանովներն իշխեցին Ռուսական կայսրությունում 1721-1762 թվականներին, և նրա գերմանական ծագում ունեցող ճյուղը` Հոլշթայն-Հոտտորպ-Ռոմանով հարստությունը՝ 1762 թվականից։ 19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության տիրույթները ձգվում էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Սև ծով, Բալթիկ ծովից Խաղաղ օվկիանոս և Ալյասկա։ 1897 թվականի մարդահամարով Ռուսական կայսրությունում ապրում էին 125.6 միլիոն մարդ, ինչը Ռուսաստանին դարձնում էր բնակչության թվով երրորդը աշխարհում Ցին Չինաստանից և Հնդկաստանից հետո։ Ինչպես բոլոր կայսրություններում, այստեղ նույնպես կային բազմաթիվ էթնիկ խմբեր, որոնք դավանում էին տարբեր կրոնների։ Ռուսաստանում կային բազմաթիվ անհնազանդ տարրեր, որոնք կազմակերպում էին բազմաթիվ ապստամբություններ և մահափորձեր։ Նրանք հիմնականում հայտնաբերվում էին գաղտնի ոստիկանության կողմից և հազարավոր մարդիկ աքսորվում էին դեպի Սիբիր:


Տնտեսապես կայսրությունը հիմնված էր գյուղատնեսության վրա, լայնածավալ տարածքներում հիմնականում աշխատում էին ճորտ գյուղացիները, մինչև 1861 թվականը, երբ նրանք արդեն ազատվեցին։ Տնտեսությունը դանդաղորեն արդյունաբերականացվեց գործարաններում և երկաթուղում օտարերկրյա ներդրումների օգնությամբ։ 10-րդ դարից մինչև 17-րդ դարը Ռուսաստանում հողի սեփականատեր էին ազնվականները, որոնք ենթարկվում էին կայսրին։

Նիկոլայ II կայսրը մուտք գործեց Առաջին համաշխարհային պատերազմ մեծ խանդավառությամբ և հայրենասիրությամբ, որպեսզի Ռուսաստանը պաշտպանի Ուղղափառ սլավոն սերբերին։ 1914 թվականի օգոստոսին, Ռուսական բանակը ներխուժեց Արևելյան Պրուսիա և նվաճեց Ավստրո-Հունգարիայի մաս կազմող Գալիցիան։ Սակայն Գերմանիայի վերահսկողության ներքո գտնվող Բալթիկ ծովը և Օսմանա-գերմանական հսկողության տակ գտնվող Սև ծովը կտրել էին Ռուսաստանի հիմնական սնուցման ուղիները։

1915 թվականի կեսերին պատերազմից հիասթափությունը ամենուր էր։ Սննդի և վառելիքի պաշարները սպառվում էին, կորուստները մեծանում, իսկ գնաճը արագորեն բարձրանում։ Բախումները քիչ վճարվող բանվորների շրջանում ավելացան և լուրեր էին պտտվում, որ բարեփոխումների սպասող գյուղացիները նույնպես դժգոհ են։ Նիկոլայը որոշեց անձամբ գլխավորել զորքերը և տեղափոխվեց ռազմաճակատ` թուղնելով իր կնոջը` կայսրուհի Ալեքսանդրային մայրաքաղաքում։ Իր որդու` Ալեքսեյի հիվանդության պատճառով Ալեքսանդրան կառավարչական գործերը հանձնեց սիբիրցի գյուղացի Գրիգորի Ռասպուտինին 1869 – 1916թվականներին, ով համոզել էր արքայական ընտանիքին, որ ինքը ունի դեղամիջոցներ, որոնք կբուժեն Ալեքսեյին։ Նա ուներ մեծ ազդեցություն, սակայն չէր կարողանում ազդել որևէ որոշման վրա։ 1916 թվականին նրա սպանությունը ազնվականների խմբի կողմից չվերադարձրեց ցարի կորցրած հեղինակությունը։1917 թվականի մարտի 3-ին մայրաքաղաքի գործարաններից մեկում կազմակերպվեց բախում, որը շղթայական աճեց և մեկ շաբաթ հետո սկսվեց քաղաքացիական պատերազմ:

Ցարական ռեժիմը տապալվեց 1917 թվականի լիբերալ Փետրվարյան հեղափոխությունից հետո։ Ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն և Ռուսաստանը հռչակվեց հանրապետություն։ Սակայն այն երկար չգոյատևեց, մեկ այլ հեղափոխություն տեղի ունեցավ նույն 1917 թվականի հոկտեմբերին, որի արդյունքում իշխանությունը անցավ Բոլշևիկներին կամ Կարմիրներին, իսկ ցարական ընտանիքը ենթարկվեց մահապատժի 1918 թվականին։