Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:
Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Այն տեսակային է` բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր առանձնյակներին: Օրինակ` մարդիկ չեն հիվանդանում կենդանիների ժանտախտով:
Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Այսպես` մարդը փոքր հասակում կարմրուկով, ջրծաղիկով հիվանդանալուց հետո սովորաբար դրանցով այլևս չի հիվանդանում:
Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են մտնում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները` պատվաստուկների ձևով: Այդպիսի պատվաստանյութը, որը կոչվում է վակցինա, հիվանդություն չի առաջացնում, բայց ապահովում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը:
Նախազգուշական պատվաստումների մեթոդը մշակել է ֆրանսիացի մեծ գիտնական Լուի Պաստյորը: Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ: Բուժիչ շիճուկներ կարելի է ստանալ տվյալ հիվանդությունը կրած մարդկանց արյան պլազմայից: Այլ դեպքում կենդանիներին ներարկում են տվյալ վարակիչ հիվանդության թուլացած հարուցիչներ, ինչի հետևանքով կենդանու արյան մեջ առաջանում են հակամարմիններ: Այդպիսի կենդանիներից անջատում են արյան պլազման, ստանում են բուժիչ շիճուկ և ներարկում մարդկանց:
Այսպիսով` իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար: Սակայն որոշ վարակիչ հիվանդությունների դեպքում (գրիպ) իմունիտետը լինում է կարճատև, իսկ անգինայից ընդհանրապես այն չի առաջանում: