Արյան շրջանառության համակարգ, արյան շրջանառությունը օրգանիզմով։ Արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներ և հակառակը։ Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածնով տեղի է ունենում թոքերում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։
Արյան շրջանառության համակարգը
Աորտա (նշված է կարմիր գույնով)
Երակային համակարգը մարդու օրգանիզմում
Երակի արտաքին կառուցվածքը
Արյունատար անոթների պատերի կառուցվածքը
Արյան ճնշման սարքը
Արյան ճնշման չափումը բազուկում
Անոթազարկի հաշվումը
Երակային արյունահոսություն
Զարկերակային արյունահոսություն
Քթային արյունահոսություն
Մազանոթային արյունահոսությունը մաշկից
Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ Արյան շրջանառությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ-անատոմ Վ․ Հարվեյը (1628)։ Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի արյան շրջանառությունը բաց է։ Որոշ անողնաշարավորներ, բոլոր ողնաշարավորները և մարդն ունեն արյան շրջանառության փակ համակարգ, որը, կախված շնչառության տիպից, կատարվում է մեկ կամ երկու շրջանով։ Խռիկային շնչառություն ունեցողների (բոլորաբերաններ, ձկների մեծ մասը) արյան շրջանառությունը մեկն է, սիրտը երկխոռոչանի է (նախասիրտ և փորոք), արյունը հոսում է դեպի խռիկները, ենթարկվում գազափոխանակության և վերադառնում հյուսվածքներ։ Թոքային շնչառություն ունեցող կենդանիները (կրկնաշունչ ձկներ, ցամաքային բոլոր ողնաշարավորները, մարդ) ունեն երկու՝ մեծ կամ իրանային, փոքր կամ թոքային արյան շրջանառություն։ Սիրտը կարող է լինել եռախորշ (երկկենցաղներ, որոշ սողուններ) կամ քառախորշ (թռչուններ, կաթնասուններ, մարդ)։ Քառախորշ սրտում զարկերակային և երակային արյունը լրիվ առանձնացած են, ուստի հյուսվածքներն ու օրգանները ստանում են միայն զարկերակային արյուն, իսկ եռախորշ սրտի դեպքում՝ խառը, երակ-զարկերակային արյուն։