Հենաշարժիչ համակարգ, ոսկրերի կառուցվածքը և աճը

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`

 Հենարանային 

Պաշտպանական 

Տեղաշարժման 

Արյունաստեղծ


 

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրահյուսվածք

 

Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

 



 

Ոսկրերի կառուցվածքը և տեսակները

 

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա: