Կաթնասուններ
Կաթնասուններ , ողնաշարավոր կենդանիների դաս, որի գլխավոր առանձնահատկությունը ձագերին կաթով կերակրելն է։ Դասը մտնում է քառոտանիների վերնադասի խմբի մեջ։ Ըստ կենսաբանների գնահատումների՝ հայտնի է ժամանակակից կաթնասունների մինչև 5500 տեսակ, որոնց շարքին է պատկանում Բանական մարդ տեսակը կաթնասունների ընդհանուր թիվը, ներառյալ անհետացած ձևերը, գերազանցում է 20000-ը։
Կաթնասունները տարածված են գրեթե ամենուրեք։ Առաջացել են բարձր զարգացում ունեցող սինապսիդներից տրիասի ժամանակաշրջանի վերջում։ Կաթնասունների շարքին են դասվում միանցքանիները, պարկավորները և ընկերքավորները, ինչպես նաև մեծ թվով անհետացած խմբեր։ Կաթնասունների դասին պատկանող ժամանակակից տեսակները միավորված են 26-29 կարգերում։ Զարգացման բարձր մակարդակի է հասել նյարդային համակարգը, հատկապես մեծ կիսագնդերի կեղևը։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր (բացառությամբ նախագազանների) և նրանց կերակրում կաթով։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։