Պատմություն

Մեջբերում կատարենք Փիթչերից.

“Պակաս կարևոր է, թե ինչ եք դուք տեսնում, քան թե ինչպես եք դուք դա տեսնում: Մի անհատ կարող է տեսնել փողոցում իրենց ոչ-վայել կերպով պահող մի խումբ մարդկանց, մյուսը կարող է տեսնել հերոսական ժողովրդական ցույց, երրորդը`տպավորվել տեսարանի գունագեղությունից: Տարբեր ականատեսներ մոտենում են իրականությանը տարբեր սպասումներով և տարբեր հետաքրություններով: Երիտասարդ ամերիկացի ականատեսները եկել էին այն սպասումներով, որ իրենց աչքի առաջ պետք է ծնվի մի նոր տիպի
հասարակություն, մինչդեռ բրիտանական ականատեսների համար ոչ այնքան կարևոր էր ինքը` Հեղափխությունը, որքան դրա նշանակությունը Առաջին աշխարհամարտի ընթացքի համար”:
Այսպիսով, որպես պատմության ականատեսներ, նրանք ոչ միայն
նկարագրում են իրենց տեսածը, այլև որոշակի ձևով մեկնաբանում են այն:
1.Պատմական իրադարձություններին կամ զարգացումներին կարելի է նայել
բազմազան դիտակետներից: Դա անելու համար համար անհրաժեշտ է իմանալ այն, ինչ մարդիկ տեսել են, լսել են կամ զգացել են: Մեզ նաև պետք է իմանալ որքանով է արժանահավատ պատմական յուրաքանչյուր աղբյուրը: Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն համեմատել և համադրել յուրաքանչյուր աղբյուրի վկայությունները այլ աղբյուրների հետ, այլև վերլուծել աղբյուրի համատեքստին վերաբերվող տեղեկատվությունը. ովքեր են աղբյուրների հեղինակները, որտեղ են նրանք եղել իրադարձության ժամանակ, ինչ են արել իրադարձության ժամանակ, ինչպես են ստացել տեղեկատվությունը, և այլն: Այս ամենից բացի աղբյուրների գնահատման գործընթացը պետք է հաշվի առնի նաև այն պայմանները, որոնք որոշակի սահմանափակումներ են դրել նրա վրա, թե ինչ է տեսել, լսել կամ զգացել աղբյուրի հեղինակը, ընդ որում այդ սահմանափակումները կարող են ունենալ ֆիզիկական, տեխնիկական բնույթ, կամ էլ արվել հենց իր` հեղինակի կողմից:
2. Մենք կարող ենք պատմական իրադարձությունները և զարգացումները
դիտարկել բազմազան տեսանկյուններից: Դա անելու համար անհրաժեշտ է
հասկանալ այն մոտիվները, որոնք կանգնած են այդ տարբեր տեսանկյունների
ետևում, լինեն դրանք աղբյուրների հեղինակների, թե աղբյուրներում հիշատակվող
անձանց տեսակետները: Ընդհանուր առմամբ այս գործընթացը պարունակում է երեք բաղկացուցիչ մաս: Նախևառաջ, այն ընդգրկում է արտահայտվող տեսակետի ետևում ընկած տրամաբանությունը հասկանալու փորձերը: Ի՞նչու են նրանք այդպես մտածել: Ի՞նչ հիմքեր ունեին նրանց տեսակետները: Ի՞նչու էին նրանք հավատում որոշ տվյալների և չէին հավատում ուրիշ տվյալների: Ի՞նչու էին նրանք կարևոր համարում որոշակի տեղեկատվություն, և դուրս թողնում մնացածը: Ի՞նչպիսի հնարավորություններ են նրանք ունեցել: Ի՞նչն է նրանց ստիպել գործողության բոլոր հնարավոր տարբերակներից ընտրել որոշակի տարբերակ: Երկրորդ, այն ընդգրկում է տեքստի լեզվի դեկոնստրուկցիա (օրինակ, պետք է տարբերակել ստուգման ենթարկվող փաստերը, փորձագիտական կարծիքը, չհիմնավորված կարծիքները և ասեկոսեները, ուշադրություն դարձնել նրա վրա, թե ինչն է բաց թողնված, նկատել զգացմունքային լեզվի, կեղծ համեմատությունների, կարծրատիպերի օգտագործումը): Դեկոնստրուկցիայի այս գործընթացը հավասարապես վերաբերում է ինչպես փաստաթղթերին, այնպես էլ այլ տիպի աղբյուրներին, ինչպիսիք են բանավոր վկայությունները, լուսանկարները, կինոնկարները, ցուցապաստառները և ծաղրանկարները:
3. Պատմական իրադարձությունները կարող ենք նաև դիտարկել պատմական
շարադրանքի և մեկնաբանությունների բազմազանության ներքո (ընդգրկելով
շարադրանքի տարբերակները, որոնք ստեղծվել են տարբեր
ժամանակաշրջաններում, տարբեր նպատակների և տարբեր լսարանների համար): Դա պատմագրական վերլուծությունն է, որը հետազոտում է աղբյուրների ընդգրկման շրջանակների միջև նմանություններն ու տարբերությունները, պատմողական կառուցվածքը, մեկնաբանությունը և շեշտադրումները, համաձայնության և անհամաձայնության հիմնական կետերը: